Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ կարևորելով կայունության ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ Շեշտվել է լարվածության թուլացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխվստահության ու շարունակական երկխոսության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Նա նաև նշել է, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-վրացական արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի հանդիպումների պարբերական անցկացումը դրական դինամիկա է հաղորդում երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խորացմանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծմանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։






