Ղազախստանը խոստացել է չօգնել ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Տիմուր Սուլեյմենովը Euractiv-ին հարցազրույցում։
Նա ասել է, որ «ԵՄ է եկել՝ ցույց տալու եվրոպացի գործընկերներին, որ Ղազախստանը գործիք չի դառնա ԱՄՆ և Եվրամիության պատժամիջոցները ՌԴ կողմից շրջանցելու գործում»։
«Մենք կհետևենք պատժամիջոցներին։ Չնայած, մենք ՌԴ, Բելառուսի և մյուս երկրների հետ տնտեսական միության անդամ ենք, նաև միջազգային հանրության մաս ենք։ Ուստի, ամենից քիչ կցանկանանք, որ Ղազախստանի հանդեպ կիրառվեն ԱՄՆ և ԵՄ երկրորդական պատժամիջոցներ»,-ասել է Սուլեյմենովը։
Ըստ նրա, Ղազախստանը «կշարունակի ներդրումներ կատարել ՌԴ-ում և ներգրավել Ռուսաստանից»։
«Այլ կերպ մեր տնտեսությունը չի աշխատում»,-ասել է նա, գրում է Interfax-ը։
«Բայց մենք ամեն ինչ կանենք՝ վերահսկելու պատժամիջոցների ենթակա ապրանքները։ Հնարավորը կանենք՝ վերահսկելու, որ ներդրումները Ղազախստանում չարվեն պատժամիջոցների ենթակա անձանց կամ կազմակերպությունների կողմից՝ և սա էինք մենք ուզում հասցնել եվրոպացիներին։ Ցույց տալ, որ ունենք համակարգ, և այդ համակարգը, ցավոք, դեռ երկար այստեղ կմնա»,-ասել է նա։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։