AM
2 April 2022 - 12:18 AMT

ԱՄՆ-ն ևս $300 մլն ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային

ԱՄՆ-ն ևս $300 միլիոնի ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Ըստ նրա, խոսքն այդ թվում նաև լազերային նշանառությամբ հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, զրահապատ անվավոր տեխնիկայի, զինամթերքի, գիշերային տեսանելիության սարքերի և կապի պաշտպանված միջոցների մասին է, գրում է Deutsche Welle-ն։

Բացի այդ, ԱՄՆ-ն փրկարարական սարքավորումներ և նյութեր կտրամադրի Ուկրաինային, որոնք կարող են գործի դրվել, եթե «Ռուսաստանը քիմիական և կենսաբանական զենք կիրառի Ուկրաինայի դեմ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջենիֆեր Փսակին։

ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում, պատերազմի մեկնարկից ի վեր, մշակութային ժառանգության առնվազն 53 հուշարձան է վնասվել, այդ թվում՝ 29 կրոնական օբյեկտ և 16 պատմական շենք։ Վնասը հաստատվել է արբանյակային պատկերների և ականատեսների օգնությամբ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։