AM
2 April 2022 - 12:27 AMT

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին

Ապրիլի 2-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և Անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։