Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիր են մշակել, որի նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունը նվազեցնելը, տեղեկացնում է ԱՀ ՏԿԵ նախարարությունը։
Ծրագրի գերակա խնդիրներից են՝ վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում, այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործում, արտադրվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում են մի շարք միջոցառումներ: 2022-ի ընթացքում Ստեփանակերտում պետք է տեղադրվի 50 հատ առնվազն 10 կՎտ հզորությամբ, 3000 և ավելի բնակչությամբ համայնքներում՝ չորսական առնվազն 4 կՎտ հզորությամբ, մնացած բոլոր համայնքներում՝ երկուական առնվազն 4 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ՝ համապատասխան հզորության մինչև 3 ժամ տևողությամբ ակումուլյացիայի թողունակությամբ:
Հաշվի առնելով հողերի սակավությունը և նպատակային օգտագործումը՝ արևային կայանների կառուցումը պետք է իրականացնել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների տեղակայված շենքերի տանիքների վրա:
Նախարարությունը համակարգում և վերահսկում է ծրագրի իրականացման գործընթացը:
Նախարարությունը մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ մեկամսյա ժամկետում կկնքի պայմանագիր՝ նախատեսելով արևային կայանների ձեռքբերման և տեղադրման պայմաններն ու ֆինանսավորման կարգը սահմանող դրույթները:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներով:
2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:






