AM
13 Ապրիլ 2022 - 10:33 AMT

Ալիև. ԼՂ գազամատակարարման հարցով մարդ չմնաց, որ չզանգեր՝ Ամերիկայից մինչև Եվրոպա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին անգամ անդրադառնալով ադրբեջանցիների ներխուժմանը Փառուխ, բացահայտել է դրա նպատակը՝ նշելով, որ «Փառուխ լեռան» (նկատի ունենալով Քարագլուխը) տակ է գտնվում Խաչենի ջրամբարը։ Նա հավելել է, որ «հայկական դիրքերը վտանգում էին ջրամբարի շահագործումը»։

«Խոսքը մեծ վտանգի աղբյուրի մասին էր։ Ըստ իս՝ Փառուխ լեռը հիմա հայտնի է ամբողջ աշխարհին և այդ մեծ լեռան վրա ծածանվում է Ադրբեջանի դրոշը»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ լեռը մեծ նշանակություն ունի ջրամբարի և դրա շահագործման համար և թվարկել, թե ինչ աշխատանքներ է նախատեսված այնտեղ անցկացնել։

Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանմանը՝ նշելով, թե «մարդ չմնաց, որ այդ հարցով չզանգեր իրեն՝ Ամերիկայից մինչև Եվրոպա»,-գրում է Interfax.az-ը։

«Հայերն ամբողջ աշխարհով մեկ աղմուկ բարձրացրեցին, թե Ադրբեջանը հումանիտար աղետ է սարքել»,-ասել է նա՝ հավելելով, թե «Նախիջևանում էլ 15 տարի գազ չկար, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին»։

Նա նաև ասել է, թե Եվրոպայում էլ կան երկրներ, որտեղ ընդհանրապես գազ չկա և հավելել, որ ասել է, որ «հայերը պետք է գնահատեն», որ Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնվել է։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։