Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։
«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։
Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
Արցախահայության անունից դիմում ենք
• Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
• ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
• Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը Արցախի հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ հասկանում են, որ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրեն, բայց ենթակայությունը հնարավոր չէ, անթույլատրելի է։ Այդ մասին նա ասել է Մարտակերտի շրջանում վարչակազմի ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։