ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ խոսելով Արցախի կարգավիճակի ու տարբեր նշաձողերի մասին՝ պետք է նշել, որ «նշաձողեր այլևս չունենք, ունենք կարմիր գծեր ու դրանց խախտումը կբերի ողբերգության»։
«Ուրիշ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։
Բաբայանը նաև նշել է, որ Արցախի պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է՝ որոշվում է ոչ միայն ԱՀ, այլև հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը։
«Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու»,-ասել է նա:
Բաբայանն ընդգծել է, որ խաղաղությունը լավ գաղափար է, բայց խաղաղությունը հավասարակշռվածությունն է, որը պետք է պահպանել:
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որ միջազգային հանրությունն ասում է՝ «Արցախի կարգավիճակի հարցում ձեր նշաձողն իջեցրեք»՝ Բաբայանն ասել է․ «Այնպես չէ, որ ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ է և մեզ պարտադրելու է։ Նույնիսկ եթե ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ լինի… մենք կանգնելու ենք մինչև վերջ, մեզ համար դա ընդունելի չէ»։
Ըստ Բաբայանի, Արցախը փրկելու բոլոր հնարավորությունները կան։
Պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր հերթին ասել է, որ Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ բանակցի ու միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը:
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։
Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունն ԱՀ հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ հասկանում են, որ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրեն, բայց ենթակայությունը հնարավոր չէ, անթույլատրելի է։