Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ պաշտպանության նախարարություն այցի և ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին:
Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ։
Նա հավելել է, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկույցով շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ։
Հանդիպմանը մտքերի փոխանակում է եղել, նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Ավելի վաղ Մարտակերտի շրջանում վարչակազմի ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանն ասել էր, որ անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։ «Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք` պահպանել ստատուս քվոն։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ այստեղ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորներն են։ Շարունակել ապրել այստեղ` ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ Դա կարող է լինել անկախություն, կարող է լինել նաև Հայաստանի հետ միացում, ինչը քիչ հավանական եմ համարում, կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։