Կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից ավելի քան 750 մլն դրամ (750, 192,000)է հատկացրել մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմակերպման համար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու մրցաշարի ընթացքում այլ միջոցառումների կազմակերպման համար:
Ժամանակի սղության պատճառով` հաշվի առնելով առաջնության նախապատրաստման և պատշաճ անցկացման համար պահանջվող աշխատանքների ծավալը՝ որոշում է կայացվել գումարն ուղիղ դրամաշնորհի տեսքով տրամադրել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին:
Նախարարը նշել է, որ առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվի նաև գումարի հատկացման մասին ՀՀ կառավարության որոշման ևս մեկ նախագիծ` կազմակերպչական այլ ծախսերի` մասնավորապես պատվիրակության կացության, համավարակի թեստերի, ավիատոմսերի, տրանսպորտային ծառայությունների, պաշտոնական ընթրիքի և այլնի համար։
Առաջնությանն ակնկալվում է մոտ 40 երկրի շուրջ 400 անձանց մասնակցություն, որոնցից 280-ը մարզիկներն ու նրանց ուղեկցող անձնակազմն են: