AM
18 Ապրիլ 2022 - 11:55 AMT

Արցախում ավարտվել են Ամարասի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները

Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները։

Այս փուլով իրականացվել են ընդհանուր 6 հիմնական ծավալից ևս 3-ը՝ ավարտվածների թիվը հասցնելով 4-ի, որը կազմում է ընդհանուր աշխատանքների մոտ 60%-ը: Մասնավորապես, մոնտաժվել են արտաքին ջրագծերը, իրականացվել են պատուհանների քարե բարավորների տաշումը և տեղադրումը, ինչպես նաև հատակների վերականգնումը, ջրագծի փոսորակները` կոյուղու խողովակների և դիտահորերի համար: Տանիքի ամբողջ մակերեսով իրականացվել են տանիքածածկի ջրամեկուսացման և կանաչ գորգի փռման աշխատանքները:

2019թ. սեպտեմբերին մեկնարկած՝ Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Այս օրերին իրականացվում են երրորդ` ավարտական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները, որոնք ներառում են վերջին 2 ծավալները:

«Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Ամարաս վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։