ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:
Նա նշել է, որ ապրիլի 19-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Պեսկովը։
Ապրիլի 19-ին մեկնարկում է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: