AM
21 April 2022 - 07:37 AMT

Զախարովա․ Խովաևն ակտիվ ներգրավվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի գլխավոր խնդիրն աջակցությունն է ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ պայմանագրի նախապատրաստման հարցում և նա արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ երկխոսության հիմքում են Ադրբեջանի առաջարկներն ու Երևանի արձագանքը դրանց։

Զախարովան նշել է, որ Խովաևն արդեն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու՝ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի։

«Երկխոսության համար հիմք են ծառայում Ադրբեջանի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջր միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների» և Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին։ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, որոնք թույլ տվեցին կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում և հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման իրական հեռանկարներ բացել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքուն ու Երևանը կաջակցեն նրա աշխատանքին։ Նա նշել է, որ Խովաևի ուշադրության կենտրոնում է լինելու խաղաղ պայմանագրի նախապատրաստման թեմատիկան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։