AM
21 Ապրիլ 2022 - 09:12 AMT

Պետերբուրգում չեղարկել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանությանը՝ ո՛չ» ցուցադրությունը։ Այդ մասին հայտնել կազմակերպիչը՝ ARMA հայկական ռեգիոնալ երիտասարդական ասոցիացիան։

Հայտարարության մեջ ասվում է, որ նախագծի վրա ակտիվ աշխատանքը սկսվել էր 2022-ի հունվարին։

«Մենք ամեն օր աշխատել ենք ցուցադրության կազմակերպման վրա՝ բավականին մեծ ուժեր և ռեսուրսներ ենք ծախսել։ Մենք մեծ ծրագիր ենք կազմել՝ պատվավոր հյուրերի և ԶԼՄ-ների մասնակցությամբ, էքսկուրսիաներ և կինոցուցադրություններ ենք կազմակերպել, պայմանավորվել ենք, որ մուտքն ազատ լինի բոլոր ցանկացողների համար։ Մեզ համար այս նախագիծն իրոք շատ կարևոր էր։ Սակայն, պատահեց այն, ինչ չէինք սպասում՝ ամբողջությամբ համաձայնեցված ցուցադրությունը մեզանից անկախ պատճառներով տապալվել է վերջին պահին»,- ասվում է հայտարարության մեջ։

ARMA-ն, նշելով, որ լուրջ հարված է ստացել, հայտարարել է, որ մտադիր չէ հաշտվել դրա հետ։

«Մենք այլընտրանքային տարբերակներ կորոնենք ցուցահանդեսի անցկացման համար։ Կփորձենք անել հնարավորը, որպեսզի ապրիլի 24-ին կազմակերպենք միջոցառումն ու հարգենք մեր նահատակների հիշատակը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունն ապրիլի 24-ին ընդառաջ Մոսկվայի ամբողջ տարածքում վահանակներ է տեղադրել՝ հիշեցնելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին։