AM
24 April 2022 - 06:43 AMT

Փայլանը Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Փայլանն ընդգծել է նաև, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքականն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից, գրում է Еrmenihaber-ը։

«Հայոց ցեղասպանության հեղինակների անունները ու հատկապես գլխավոր հեղինակ Թալեաթ փաշայի անուննը սփռված են Թուրքիայի չորս կողմերում. նրանց պատվին անվանակոչվել են փողոցներ, զբոսայգիներ ու դպրոցներ»,- նշել է Փայլանը՝ դժգոհելով, որ ցեղասպանությանն ընդդիմացած այդ ժամանակվա բարեխիճ պաշտոնյաների անուններով ոչինչ չկա։ Նպատակաուղղված ձևով փորձ է արվում նրանց ջնջել հանրության հիշողությունից։

Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով սկանդալային երևույթ։

Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ընդդիմադիր պատգամավորը ներկայացվել է որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։