AM
24 Ապրիլ 2022 - 10:00 AMT

Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24- ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ` նշելով, որ արցախցիները հաստատակամ են իրենց որոշման մեջ՝ ապրել և արարել իրենց նախնիների հողում:

«Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման:

Ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները:

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որովհետև մենք այլընտրանք չունենք, մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում, հող, որը սրբագործվել է հայ ժողովրդի հազարավոր որդիների թափած արյամբ: Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ»,-ասվում է ուղերձում:

Ապրիլի 23-ին Ստեփանակերտում ևս անցել է ջահերով երթը՝ «Զարթնիր, լաո» խորագրով, որին մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և այլոք։