Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովդրին ուղղված տեսաուղերձում «դավաճանություն է» որակել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ներկայացումը Միլի մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից և ասել է, որ խորհրդարանը նրա տեղը չէ։
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Փայլանն ընդգծել է, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքականն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։
«Մենք օրինագիծն ընկալում ենք որպես բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում»,-ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո։
Նա հույս է հայտնել, որ «իրավունքի և խորհրդարանի բարոյականության բոլոր նորմերը ոտնահարած» պատգամավորի դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը երկրի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել։
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։Քննությունը սկսվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը»: