Սպորտով զբաղվելու համար նախատեսված ապրանքների արտադրող Reebok-ի ռուսական ստորաբաժանումը, որը հայտարարել էր ՌԴ-ում իր գործունեության դադարեցման մասին, անցել է թուրքական FLO Retailing հոլդինգին, որը զարգացնում է U.S. Polo Assn., Lumberjack և Reno բրենդերը։ Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթն առևտրային անշարժ գույքի շուկայում խորհրդատուներից մեկին հղումով։
Բրենդի ավելի քան 100 խանութի գումարային արժեքը «Infoline-Անալիտիկներ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովը գնահատել է 1․5 մլրդ ռուբլի, սակայն չի բացառել, որ գնման գինը կարող է 3 անգամ պակաս լինել։
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի տվյալների, Reebok-ի առևտրի կետերը FLO-ին են անցել թուրքական ֆաբրիկաներում մի շարք երկրների համար այդ ապրանքանիշի արտադրության մասին համաձայնագրից հետո։
Հայտնի է դարձել նաև, որ Մոսկվան կարող է էլեկտրամոբիլների արտադրություն սկսել «Ռենո» մեքենաների արտադրության նախկին գործարանում։ Այդ մասին հայտնել է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։
2005 թվականից Reebok-ն ընդգրկվել էր Adidas-ի կառույցներում, մարտին բրենդը վաճառվել էր ամերիկյան Authentic Brands Group-ին (ABG), որի կայքում ասվում է, որ ընկերությունը մարտի 20-ից կասեցրել է իր գործունեությունը ռուսական շուկայում։