Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում է Արցախպրեսը։
Նշվել է, որ օրակարգում պետք է ներառվեն բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը և անելիքները:
Նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, հայտարարություն են տարածել` նշելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։ Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։






