AM
3 Հունիս 2022 - 07:25 AMT

Բեգլարյան․ ՀՀ հետ բանակցում ենք ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռ չկա

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանությունները բանակցում են Երևանի հետ հանրապետության ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա։

«Հայաստանի հետ բանակցում ենք, հանդիպումներ են անցկացվում ԼՂ անկախությունը ճանաչելու հարցի շուրջ, սակայն առաջընթաց դեռևս չկա», – ասել է Բեգլարյանը։

Նա հավելել է նաև, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապեր են հաստատված` ինչպես «հավասարը հավասարի հետ»։

ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ համարվում էր, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կլինի Մինսկի խմբի գործունեության կասեցում, և Հայաստանը կարող է մնալ միակ երկիրը, որը ճանաչում է Արցախի անկախությունը։ Համարվում էր նաև, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը կարևոր գործոն է հայկական կողմի համար և կարող է կիրառվել ծայրահեղ դեպքում՝ օրինակ, պատերազմի սպառնալիքի կամ պատերազմի ժամանակ։

2020-ի հոկտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը և որ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»: Սակայն, այդպիսի որոշում չկայացվեց։