AM
3 Հունիս 2022 - 07:46 AMT

Հունիսի 3-ին Մոսկվայում կհանդիպեն ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի անդամները

Հունիսի 3-ին Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է «Ազատությանը»։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021-ի հունվարին Մոսկվայում: Վերջին հանդիպումը դեկտեմբերին էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հունիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք մայիսի 24-ին հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։