Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում՝ աշխարհում արդեն 550 դեպք է գրանցվել։
Կազմակերպությունը հաստատել է, որ դեպքեր կան աշխարհի 30 երկրում և վարակը շարունակում է տարածվել, տեղեկացնում է CNBC-ն։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ կապիկի ծաղկի անսպասելի հայտնվելն աշխարհի մի քանի երկրում մատնանշում է, որ վիրուսը որոշ ժամանակ աննկատ տարածվել է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի սահմաններից դուրս, որտեղ այդ հիվանդությունը սովորաբար բռնկվում է։
Ըստ ԱՀԿ-ի՝ կապիկի ծաղկի գծով տեխնիկական ղեկավար դոկտոր Ռոզամունդ Լյուիսի, վիրուսը կարող էր աննկատ տարածվել ամիսների կամ մի քանի տարվա ընթացքում, թեև ուսումնասիրությունները շարունակվում են և հստակ պատասխան դեռ չկա։
Նա նշել է, որ կապիկի ծաղիկով հիվանդների շփումներին հետևելն ու պացիենտների մեկուսացումը վճռական նշանակություն ունեն հիվանդության տարածումը կասեցնելու համար։
Հեբրեյեսուսն ասել է նաև, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է նույնասեռական տղամարդկանց շրջանում՝ հավելելով, որ ցանկացած մարդ կարող է վարակվել կապիկի ծաղիկով սերտ ֆիզիկական շփման դեպքում։
Նա հավելել է, որ հիվանդության ախտանշաններն ինքն իրեն անցնում են որոշ ժամանակ անց, սակայն, որոշ դեպքերում ընթացքը կարող է ծանր լինել։
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում կապիկի ծաղկից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։
Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։