Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։
Գրքի երևանյան շնորհանդեսը 2021-ի նոյեմբերի 16-ին էր՝ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, իսկ արցախյան շնորհանդեսը համընկել է հերոսի եղբոր՝ Ռուբենի ծննդյան օրվա հետ, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Երբ քննարկում էինք, երբ կազմակերպել միջոցառումն Արցախում, Ռուբենն առաջարկեց անել իր ծննդյան օրը. իր համար լավագույն նվերը սեփական տարեդարձին եղբոր գրքի շնորհանդեսը կազմակերպելն էր», – շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, գիրքը հատկապես պայքարի մասին է. 116 մարտական դիրքի տղաները մինչև վերջին վայրկյանը մարտնչել են, չեն լքել իրենց դիրքը:
«Գիրքն Արցախ բերելը տղաների հիշատակի ու հայրենիքի հանդեպ ազնիվ քայլ է: Արցախի համար այս դժվար օրերին գաղափարապես չհանձնվելու քայլ է»,-ասել է նա։
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը գիրքը և Ռոբերտի, 116 դիրքի տղաների պատումը համարում է ջրբաժան։
«Կամ մեր տղաների, մեր հայրենիքի հետ ենք նույնանում, կամ ինքնաոչնչանալու, ինչ-որ կերպ գոյություն քարշ տալու անպատիվ սկզբունքով ենք ապրում»,-ասել է նա:
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու) Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։






