IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ մեծարվեցին Հայաստանում: Իր այցի ընթացքում Աբրահամն ու Վիկը հայտարարել են, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մենամարտերին նախապատրաստվելու իր մեթոդը:
«Ես ու Վախթանգը մարզվում ենք տարբեր համակարգերով: Իմ ժամանակի մեծ մասը ես ծախսում եմ մարզումների վրա եւ նույնիսկ ազատ ժամանկ եմ մարզվում: Իսկ Վիկն իր մեթոդներն ունի, որոնցով Գերմանիայում ոչ մի բռնցքամարտիկ չի առաջնորդվում: Սակայն յուրաքանչյուր բռնցքամարտիկ իր մոտեցումն ունի: Եվ Վիկը դա գործով է ապացուցում»,-ասել է Աբրահամը:
Աբրահամի խոսքերը հաստատեց նաեւ Վիկ Դարչինյանը:
«Ես սովոր չեմ, Աբրահամի պես, ժամանակի մեծ մասը նվիրել մարզումներին, ես սովորական կյանք եմ վարում, ժամանակ հատկացնելով նաեւ հանգստին: Մարզումներից ազատ ժամանակ լինում եմ կազինոյում, ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ կամ Հայաստան եմ գալիս: Արթուրը ճիշտ է ասում, որ յուրաքանչյուրը նախապատրաստվելու իր մեթոդներն ունի»,-ասել է աշխարհի բացարձակ չեմպիոնը:
Աբրահամն ու Դարչինյանը նշել են նաեւ, որ կանեն հնարավորը, որպեսզի հետագայում եւս բարձր պահեն Հայաստանի պատիվը: