Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովում ունեցած իր ելույթում հորդորել է ՀՀ-ին այլևս «չբարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի թեման և «հրաժարվել Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներից»
«Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց չի բարձրացվի։ Սակայն, ցավոք, ՀՀ կառավարությունից հայտարարություններ են լսվում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը անարդյունավետ չէ»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։
Նա կրկնել է իր թեզերը, թե «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», որ ԼՂԻՄ-ը «լուծարվել է Ադրբեջանի խորհրդարանի 1991-ի որոշմամբ»։
«Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում միայն նոր խնդիրներ կառաջացնի։ ՀՀ կառավարությունը պետք է դա հասկանա և ձեռնպահ մնա պատմությունը սրբագրելու փորձերից»,- ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ եթե ՀՀ-ն կասկածի տակ դնի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով կստիպի Բաքվին նմանատիպ քայլերի դիմել ՀՀ տարածքի հանդեպ»՝ հավելելով, որ 1920-ին Խորհրդային իշխանությունն իր երկրի «պատմական մասը՝ Զանգեզուրը վերցրել է և միացրել Հայաստանին»։
Նա ասել է նաև, թե Ադրբեջանն իր Սահմանադրության շրջանակում կապահովի «Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։






