Ճապոնական Նարա քաղաքում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն՝ նրա վրա հուլիսի 8-ի առավոտյան կրակել էին հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն։
Աբեի վրա կրակել էին հետևից՝ հրացանից, երբ նա ելույթ էր ունենում հանրահավաքում։ Նա պարանոցի և կրծքավանդակի հրազենային վիրավորումներով, ուժեղ ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։
Գործող վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդհատել է գործարար ուղևորությունն ու բոլոր նախարարներին հորդորել Տոկիո ժամանել։
Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան բերման է ենթարկվել պատահարի վայրից, նրա զենքն առգրավվել է։ Նա դիմադրություն ցույց չի տվել։
67-ամյա Սինձո Աբեն հեռացել է վարչապետի պաշտոնից 2020-ին, սակայն, շարունակում էր ազդեցիկ գործիչ մնալ իշխող Ազատական ժողովրդավարական կուսակցությունում։