AM
9 July 2022 - 08:12 AMT

Փարիզն ու Երևանը կգործակցեն մշակութային, կանաչապատման ոլորտներում

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպմանը Փարիզն ու Երևանը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր:

Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը: Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:

Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը: