Խիմկի քաղաքի ներքին գործերի վարչությունը շարունակում է այն անձանց որոնումը, որոնք սպառնացել են «Խիմկի» ակումբի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Քննիչները դեռեւս քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չեն տեսնում, այժմ պարզապես ստուգում է ընթանում: Ցուցմունքներ են տվել Բերեզովսկին, ինչպես նաեւ ակումբի մի քանի աշխատակիցներ, հաղորդոմ է «Սովետական սպորտը»:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին «Ռոստովի» հետ խաղից առաջ խաղը հանձնելու առաջարկ էր ստացել:
Բերեզովսկուն զանգահարել էր անհայտ մի անձ եւ կոպիտ ձեւով, սպառնալիքներով, պահանջել էր նպաստել «Ռոստովի» պարտությանը` առաջարկելով 200-400 հազար ռուբլի: Դարպասապահը հրաժարվել էր եւ անմիջապես տեղեկացրել էր այդ մասին իր ակումբի ղեկավարությանը, որն, իր հերթին, պաշտոնական նամակով տեղեկացրեց ՌԴ ֆուտբոլային առաջին լիգայի ղեկավարությանը:
Այնուամենայնիվ, ապրիլի 3-ին կայացած խաղում «Խիմկին» տանուլ տվեց «Ռոստովին» 0:1 հաշվով: 75-րդ րոպեին «Ռոստովի» բազմաթիվ հարձակումներից մեկն ավարտվեց տուգանայինով եւ Լեբեդենկոյի դարպասին հզոր հարվածով: Հազիվ թե բաց թողած գոլի մեղավորը Հայաստանի հավաքականի դարպասապահն է: