Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բաքվում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցը։
«Ալիևն ու Կլաարը մանրամասն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի ստորագրման, կոմունիկացիաների ապաշրջափակման, ականների խնդիրը», ինչպես նաև Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների հարցը, գրում է Interfax.az-ը։
Նշվում է, որ Ալիևը կարևորել է Բրյուսելում հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»։
Բաքվից առաջ Տոյվո Կլաարը Երևանում էր, հանդիպել է ՀՀ վարչապ;ետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը:






