Ռուսաստանցիները ռեկորդային թվով տներ են գնել Թուրքիայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։
Ընդհանուր առմամբ, հունիսին նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի գնումների քանակն աճել է 80 տոկոսով՝ կազմելով ռեկորդային 8600 գործարք, որի 21 տոկոսը կազմել են ռուսաստանցիները, գրում է Incrussia.ru-ն։
Գնորդների առաջին եռյակում են նաև Իրանի և Իրաքի բնակիչները։
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիները 2022-ին 5800 տուն են գնել Թուրքիայում։ Այդ առումով ամենապահանջվածները Ստամբուլն ու Անթալիան են՝ 3900 և 2500 վաճառք համապատասխանաբար։
Խորհրդատվական Knight Frank Russia ընկերությունը վերլուծել է արտասահմանյան բնակարանների պահանջարկն ունևոր ռուսաստանցիների շրջանում, որտեղ առաջին տեղում կրկին Թուրքիան է։ Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, 3-րդ տեղը կիսում են Պորտուգալիան և Կիպրոսը։
Ռուսաստանցիները գերադասում են այն երկրները, որտեղ գույքի գնումը թույլ է տալիս արագ ստանալ կացության իրավունք և քաղաքացիություն։