AM
27 July 2022 - 11:35 AMT

Պեսկով․ Պուտինն ու Էրդողանը Սոչիում, հավանաբար, կքննարկեն նաև ռազմատեխնիկական գործակցությունը

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությունն ու ցորենի գծով ստամբուլյան գործարքը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովին հարցրել են, թե խոսել է արդյոք Պուտինն Էրդողանի հետ Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ Մոսկվայի հնարավոր գործակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև մշտապես օրակարգում է։ Եվ այն փաստը, որ գործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների ամբողջ համալիրը բավականին բարձր մակարդակի վրա է»,-պատասխանել է Պեսկովը։

Նա հավելել է, որ նախագահները վերջին հանդիպմանը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության տարբեր ասպեկտներ։

«Ուստի, այո, ռազմատեխնիկական թեման, հավանաբար, կքննարկվի նաև Սոչիում»,-ասել է նա։

Հուլիսի 26-ին Էրդողանը CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։

Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը Թեհրանում էր՝ հուլիսի 19-ին, Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում։

‌ ‌