AM
27 Հուլիս 2022 - 13:54 AMT

Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»

Թուրքական իշխանամերձ Sabah թերթի կայքը «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել», որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին, գրում է Еrmenihaber-ը։

Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար, և նպատակ կա այն հասցնել մինչև 15 մլրդ դոլարի: Նշվել է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին:

Ըստ կայքի պնդման՝ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցության:

Կրկին ընդգծվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի և Չինաստանի միջև, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարևոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ասել է, որ մինչև այս պահը ուղեձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: