AM
28 July 2022 - 09:04 AMT

Պրոսպեկտից 46 անգամ երկար

Ու սա ֆուտուրիստիկ ֆիլմի դեկորացիա չէ, այլ իրական նախագիծ, որը պլանավորում են կյանքի կոչել Սաուդյան Արաբիայում՝ նավթային տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու այն առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնելու ծրագրի շրջանակներում: PanARMENIAN.Net-ը պատմում է Neom մեգանախագծի ամենահետաքրքիր մասի՝ «Հայելային գիծ» քաղաքի մասին:

2017թ-ի աշնանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը հայտարարեց Neom մեգանախագծի մեկնարկի մասին, որի կենտրոնական նպատակը երկրի՝ նավթի արդյունահանումից կախված տնտեսության դիվերսիֆիկացումն էր՝ վերածելով Սաուդյան Արաբիան 21-րդ դարի երկրի, որի տնտեսությունը պետք է կենտրոնացած լինի առաջավոր տեխնոլոգիաների ու ոլորտների, ինչպես նաև օտարերկրյա լայն ներդրումների հնարավորությունների ստեղծման վրա: Neom-ի շրջանակներում ավելի քան 26000 քառակուսի կմ տարածքում պլանավորվում է կառուցել «ապագայի քաղաք», որը, ըստ արքայազնի, «կախված չի լինելու գործող պետական համակարգից, ունենալու է սեփական հարկային ու աշխատանքային օրենսդրությունն ու դատական համակարգը»: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Մուհամմեդ իբն Սալմանը պահանջել էր կառուցել նույնքան գրանդիոզ բան, ինչպիսիք եգիպտական բուրգերն են. ու Neom-ի ամենահետաքրքիր մասի՝ «Հայելային գիծ» անունը ստացած քաղաք-երկնաքերի մասին մանրամասները հայտնի են դարձել լրագրողներին:

«Հայելային գիծը» դառնալու է աշխարհի խոշորագույն շինությունը: Այն բաղկացած է լինելու երկու զուգահեռ հայելապատ շենքերից՝ յուրաքանչյուրը 120 կմ երկարությամբ ու մոտ 500 մետր բարձրությամբ: Շենքերը կապված են լինելու միմյանց հետ բազմաթիվ անցումներով, լինելու են ամբողջությամբ ածխածնային-չեզոք, այսինքն՝ այստեղ չեն լինելու ավտոմեքենաներ, իսկ էլեկտրականությունը ստացվելու է վերականգնվող աղբյուրներից:

Մյուս հետաքրքիր մանրամասներից է կառույցի միջով անցնող արագընթաց գնացքը, որը շենքի մի ծայրից մյուսը պետք է հասնի 20 րոպեում, ինչպես նաև՝ 300 մետր բարձրության վրա տեղակայվելիք մարզադաշտն ու ծովափնյա հատվածում զբոսանավերի համար նախատեսված նավահանգիստը: Շենքերը ներառելու են նաև ուղղահայաց ֆերմաներ, որոնք սննդով կապահովեն «Հայելային գծի» 5-9 մլն բնակիչներին: Ըստ Մուհամմեդ իբն Սալմանի՝ ուղղահայաց բազմահարկ քաղաքային համայնքները մարտահրավեր են նետելու ավանդական, հորիզոնական քաղաքներին, ու «Հայելային գծի» դիզայնը մարմնավորում է այն, թե ինչպիսին են լինելու ապագայի քաղաքային համայնքները՝ էկոլոգիական, ազատ ճանապարհներից, ավտոմեքենաներից ու արտանետումներից:

Neom-ի կառուցումը գնահատվում է $500 մլրդ, ծրագրի առաջին փուլը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է $300 մլրդ: Գումարի մոտ կեսը կծածկի թագավորության բարեկեցության սուվերեն հիմնադրամը, մնացածի համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են ներգրավել օտարերկրյա ներդրումներ:

2024-ին պլանավորվում է Neom-ի բաժնետոմսերի առաջնային տեղակայում թագավորության ֆոնդային բորսայում, ինչը, ըստ սպասվածի, կբերի մոտ $250 մլրդ ներդրումներ, իսկ 2030-ին՝ ևս $1 տրլն 250 մլրդ: Հենց այդ ժամանակ էլ ավարտվելու է «Հայելային գծի» նախագծումը, իսկ շինարարությունը կարող է տևել 50 տարի: