AM
11 Օգոստոս 2022 - 11:20 AMT

Բաքուն հայտարարել է Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության ավարտի մասին

Բաքուն հայտարարել է Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունն ավարտելու մասին։ Շինարարությունն իրականացրել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը, գրում է ադրբեջանական APA-ն։

Ադրբեջանը նոր ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը սկսել էր 2021-ի հուլիսին։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է, որից 10 կմ-ն անցնելու է Հայաստանի տարածքում։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։