Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4․7 կիլոմետրանոց հատվածում: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորիա Պետրոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,-ասել է Պետրոսյանը։
Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։
Օգոստոսի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ ՆԳՆ-ի հաղորդագրությանը նախորդել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ նշվել էր, որ 2020 թ. -ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4․7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:






