AM
2 Սեպտեմբեր 2022 - 09:53 AMT

Դավիթ Բաբայանը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում, գրում է Aysor.am-ը։

Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: ‌