ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ։
Կոնգրեսականները նշել են արցախցիների անհավանական տոկունությունը, որով նրանք դիմակայում են Ադրբեջանի սպառնալիքներին և մարտահրավերներին:
«Մենք հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները՝ պատժելու Թուրքիային և Ադրբեջանին 2020 թվականին Արցախի վրա հարձակման համար, ինչպես նաև համարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր համարձակորեն մնում են ապրելու իրենց հայրենի հողում:
Մենք նաև կարևորում ենք Արցախի ժողովրդի անմիջական մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և տևական խաղաղության շուրջ բանակցություններին»,-ասվում է հայտարարության մեջ։
Կոնգրեսականները նաև նշել են, որ կշարունակեն աշխատել ԱՄՆ կառավարության և Արցախի վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելու ուղղությամբ։
1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր է ընդունել: