Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 5-ի հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանն և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:
Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ**Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը**, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։Կողմերը մանրամասն քննարկել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։