ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով հաշտություն է կնքել ԱՄՆ-ն ներկայացնող Լեյնիեր Դոմինգեսի հետ:
Դա նրա 3-րդ ոչ-ոքին էր մրցաշարում: Սակայն, Մագնուս Կառլսենի մրցաշարից դուրս գալուց հետո, Արոնյանը կրկին մնացել է 1 միավորով, քանի որ նրանից հանվել է աշխարհի չեմպիոնի հետ վաստակած կես միավորը, գրում է «Ա1+»-ը։
Արոնյանն այժմ կիսում է 8-9-րդ տեղերն ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Մրցաշարային աղյուսակը սկսել է գլխավորել ամերիկացի Վեսլի Սոն, որը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոնի հավակնորդ Յան Նեպոմնյաշչու հետ և վաստակել է 2․5 միավոր: Նախկին առաջատար Հանս Նիմանը, որը հաղթել էր աշխարհի չեմպիոնին, զրկվել է մեկ միավորից և այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը:
Սեպտեմբերի 6-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի մրցաշարի առաջատար Վեսլի Սոյի հետ:
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 դոլար, հաղթողը կստանա 100,000 դոլար: