AM
6 Սեպտեմբեր 2022 - 12:27 AMT

Չավուշօղլուն՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին․ Թե Թուրքիայի ու ՀՀ, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն կա

Սեպտեմբերի 5-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին, գրում է Ermenihaber-ը։

Նա շեշտել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը։

«Թե Թուրքիայի ու Հայաստանի, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես համապարփակ խաղաղության պայմանագրի համար բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով. «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիրք է հրատարակել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին։ Հինգերորդ գլուխը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածաշրջանային համագործակցության գործընթացներում Թուրքիայի «բազմակողմանի նպաստը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները, Բաքվի և Թուրքիայի միջև ուղիղ (տրանսպորտային) կապի ապահովման ուղղությամբ ջանքերը «և նախկին հակամարտության գոտիներն առևտրի համար վերաբացումը: