AM
6 Սեպտեմբեր 2022 - 13:05 AMT

ԱՀ ԱԺ պատգամավորները Միքայել Արզումանյանի խափանման միջոցը վերանայելու միջնորդություն են ներկայացրել

ԱՀ ԱԺ պատգամավորները միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով, հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։

Միջնորդությունը հասցեագրված է ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին։

Ներկայացվել են պատգամավորների ստորագրությունները։

Արցախի պաշտպանության նախկին նախարար-ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալվել էր օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ազատ էր արձակվել, քանի որ ձերբակալման ժամկետը լրացել էր։ Սեպտեմբերի 1-ին նա կալանավորվել է։ Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ։ Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ։ Արզումանյանն իր մեղքը չի ընդունում։