AM
7 Սեպտեմբեր 2022 - 07:10 AMT

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում ներկայացվել են Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի բնակչության հանդեպ

Մայր Աթոռ սբ Էջմիածնի պատվիրակությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովում, որն ընթանում է Գերմանիայի Կառլսռուե քաղաքում, ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի բնակչության հանդեպ։

Համաժողովի կարգախոսն է «Քրիստոսի սերն առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն»։

Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հորդորել է համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

Մայր Աթոռ սբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։

Համաժողովի շրջանակում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվել են եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Սեպտեմբերի 4-ին ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցել են Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվեց հանդիպում հայ համայնքի հետ։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ն անցկացվող համաժողովին մոտ 5000 մասնակից ներկայացնում է 351 եկեղեցի և հարանվանություն։