Արքայազն Չարլզը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավոր կհռչակվի Գահակալությունը ստանձնելու խորհրդի նիստում՝ Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում, որին ներկա կլինի նրա որդի Ուիլյամը։ Առաջին անգամ այդ արարողությունը կցուցադրվի հեռուստատեսությամբ։
Մեծ Բրիտանիայի դրոշները նոր թագավորի պատվին կբարձրացվեն, 26 ժամ անց կրկին կխոնարհվեն, գրում է BBC-ն։
Երկրում հայտարարված պետական սուգը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը։
Լոնդոնի ժամանակով ժամը 11:00-ին պալատի պատշգամբից կկարդան Գլխավոր հռչակագիրը, որով Չարլզը կհռչակվի պետության ղեկավար: Ժամը 12:00-ին նմանատիպ հռչակագիր կընթերցվի Լոնդոնի Սիթիի թագավորական բորսայում, իսկ սեպտեմբերի 11-ին ՝ կիրակի կեսօրին, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում:
Չարլզը 73 տարեկան է, 63 տարի նա եղել է Ուելսի արքայազն։
Չարլզ III-ը կգլխավորի սգո արարողությունները որպես նորահռչակ միապետ և Համագործակցության 14 երկրի պետության ղեկավար։ Նրա կինը՝ Կամիլլան կդառնա թագուհի-կոնսորտ։
Եղիսաբեթ Երկրորդը կառավարել է երկիրը 70 տարի։ Բրիտանիայի բնակչության մեծ մասն իր ամբողջ կյանքն ապրել է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության օրոք։
Այդ տարիներին Մեծ Բրիտանիան վերականգնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դադարել է լինել կայսրություն, սակայն դարձել է Ազգերի համագործակցության անդամ, Արևմուտքի մյուս երկրների հետ հաղթող է դուրս եկել Սառը պատերազմից, դարձել է ԵՄ անդամ, իսկ հետո դուրս եկել դրա կազմից։ Թագուհու օրոք 15 վարչապետ է գործել, սկսած Ուինսթոն Չերչիլից, որը ծնվել է 1874-ին, և ավարտած Լիզ Թրասով, որը 101 տարով փոքր է Չերչիլից։