AM
10 September 2022 - 10:38 AMT

Էրդողան․ Հույների հետ խոսում ենք նրանց հասկանալի լեզվով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը:

Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է, որ իրենք հույների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով, գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նամակներ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ զգուշացնելով Թուրքիայի հետ լուրջ բախման վտանգի մասին։

Դենդիասն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների վերջին շարքին»՝ մեջբերելով, թե, իբր, Հունաստանը կղզիներ է զավթել Էգեյան ծովում, և Էրդողանի այն սպառնալիքը, թե «Հունաստանը բարձր գին է վճարելու»։ Նա նշել է, նաև, որ Թուրքիայի վարքագիծը Հունաստանի հանդեպ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։

Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։ ‌