AM
12 September 2022 - 06:50 AMT

ԱՄՆ-ն $2 մլն է հատկացրել ԼՂ խնդրի գոտում ականազերծմանը

ԱՄՆ-ն 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ականներն ու չպայթած զինամթերքը ԼՂ հակամարտության գոտում շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված անձանց անվտանգ վերադարձին:

Հայտարարության մեջ ասվում է, որ, հիմք ընդունելով 500,000 դոլար հատկացնելու մասին 2021 թ. նոյեմբերի որոշումը, ԱՄՆ նոր ֆինանսավորումը շարունակելու է խթանել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար. «Այս ջանքերը վճռորոշ դեր են կատարում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները ու անվտանգ պայմաններում վերականգնել իրենց կյանքը»։

ԱՄՆ-ն հասարակ սպառազինությունների ոչնչացման խոշորագույն ֆինանսական աջակիցն է աշխարհում։ 1993 թվականից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 4․7 մլրդ դոլար է հատկացրել ավելի քան 100 երկրում ականների ու չպայթած զինամթերքի վնասազերծման համար։