AM
12 Սեպտեմբեր 2022 - 07:42 AMT

Բեգլարյան․ Շատ ուրախ եմ Վարդանյանի որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի համար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելուն, գրել է, որ վերջին օրերին 2 անգամ հանդիպել է վերջինիս հետ՝ քննարկելու գործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը:

«Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը»,-ասվում է գրառման մեջ։

Բեգլարյանը նշել է, որ նախքան Վարդանյանի տեղափոխվելը նրա հետ որոշ ծրագրեր էին իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված է, որ ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են:

«Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում:

Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 1-ին հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է ՌԴ քաղաքացվիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու, ինչպես նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։