AM
13 Սեպտեմբեր 2022 - 07:14 AMT

ՊԲ․ Բաքուն հող է պատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը և հայտարարել, որ Բաքուն հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար»,-ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։