Սեպտեմբների 13-ին կայացել է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը Ռիքերն ընդգծել է պետքարտուղարի հայտարարությունը, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հայտնում է «Ամերիկայի ձայնը» Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության թվիթերյան գրառման վրա հղումով։
«Դեսպան Ռիքերը հանդիպել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և հորդորել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ասվում է գրառման մեջ:
Ռիքերը Բաքու է ժամանել իր տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 13-ի։ Նախքան Բաքու ժամանելը դեսպան Ռիքերն այցելել է Հայաստան, ուր սեպտեմբերի 10-ին, նախքան հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճը, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թբվիթերյան գրառումն այս կապակցությամբ հաղորդել էր, որ Ռիքերն ընդգծել է «ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին բանակցել համապարփակ խաղաղ կարգավորման շուրջ»:






