AM
14 Սեպտեմբեր 2022 - 09:52 AMT

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացի իրականացման գործում

ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացի, եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ռուսաստանը տրամադրված է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Բաքվին և Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման նպատակով։ Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ բարձր և բարձրագույն մակարդակով, պրոֆիլային գերատեսչությունների և խաղաղապահների հրամանատարության գծով, կանոնավոր բնույթ են կրում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, եթե որոշում կայացվի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հերթական եռակողմ հանդիպում անցկացնելու մասին, այդ մասին կազդարարվի Կրեմլի մամուլի ծառայության միջոցով։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։