Այսօր Վանաձորում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որը տեղի կունենա ապրիլի 13-18-ը: Մասնակցում են 110 մարզիկներ Երեւանից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Կոտայքից, Տաուշից, Արագածոտնից եւ Վայոց Ձորից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ասոցացիայի մամլո ծառայությունից:
Առաջնության արդյունքներով Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ձեւավորում է ազգային հավաքականի կազմ, իսկ ապրիլի12-ից մայիսի 17-ը 8 մարզիկներ կմասնակցեն չեխական Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:
Մեհրաբյանի խոսքերով Հայաստանի հավաքականի համար Չեխիայի մրցաշարը հերթական նախապատրաստական փուլը կհանդիսանա Միլանում օգոստոսի29-ից սեպտեմբերի 13-ը կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Հույս ունեմ Ուստի-նադ-Լաբեմում մեր մարզիկներից յուրաքանչյուրը կանցկացնի թեկուզ 2-3 մենամարտ, քանի որ ես պլանավորում եմ աշխարհի առաջնությանը նրանց մենամարտերի թիվը հասցնել 15-ի: կարեւոր է, որ նրանք ունենան շատ մենամարտեր միջազգային փորձ ձեռք բերելու համար»,- նշել է Մեհրաբայնը: